21րդ դարում ծնողների համար ակտուալ հոգեբանական խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում ամոթխածությունը և նրանից բխող հաղորդակցման դժվարությունները:
Ներկայումս ավելի շատ մարդիկ են ապրում մեծ քաղաքներում, որտեղ մարդը, գրեթե ամենուր ստիպված է կոնտակտի մեջ մտնել անծանոթների հետ: Մյուս կողմից էլ` ներկայումս հոգեկանի վրա ճնշումն ավելի մեծ է քան նախկինում` կախված ժամանակաից կյանքի արագությունից, ինֆորմացիայի առատությունից և այլն: Երեխաներն այս խնդիրները կիսում են ծնողների հետ: Իհարկե բարձր ադապտիվություն ունեցող երեխաները բավական արագ են յուրացնում հասարակության մեջ ընդունված վարքի մոդելները, սակայն հույս դնել միայն երեխայի հոգեկան որակների վրա, դնելով նրան բարդ հոգեբանական խնդիրների առջև, անթույլատրելի է:
Նման դեպքերում ի հայտ է գալիս ամոթխածություն, ընդ որում այն աղջիկների մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների մոտ: Սակայն տղաների ամոթխածությունը ծնողներին ավելի հաճախ է անհանգստացնում: Բանն այն է, որ մեր հասարակության մեջ ընդունված է, որ աղջիկները պետք է համեստ լինեն, և, նույնիսկ վառ արտահայտված ամոթխածությունը, դիտվում է որպես աղջկան վայել համեստություն:
Ամոթխած երեխաները զարմանալի նման են միմյանց. գլխիկոր, կծկված ուսերով, ցածր ձայնով, հայացքը հատակին, կողք, կամ վեր հառած, և գրեթե երբեք չեն նայում զրուցակցի աչքերին և այլն: Նրանք պատրաստ են թաքնվել, որտեղ ասես, միայն թե իրենց չնկատեն: Մանրազննին ուսումնասիրութունից պարզ է դառնում, որ շատ երեխաների մոտ ամոթխածությունը միայն ՙդիմակ է՚, որի տակ թաքնվում են այլ հոգեբանական խնդիրներ: Կան դեպքեր, երբ երեխան ունենում է լիդերության հակում, սակայն չկարողանալով այն արտահայտել, նախընտրում է խուսափել շփումներից (իհարկե ենթագիտակցաբար): Լինում է նաև, որ ամոթխածությունը թաքցնում է բարձր խոցելիությունն ու նեղացկոտությունը: Շատ հաճախ, երեխաները, որոնք աղքատ երևակայություն, դանդաղ ռեակցիա և չզարգացած մտածողություն ունեն, խուսափում են շփումից` չիմանալով ինչ խոսել, կամ ինչպես վարվել: Կան նաև երեխաներ, որոնք անծանոթների ներկայությամբ բառ անգամ չեն արտաբերում, խոսում են միայն ընտրված մարդկանց հետ (հիմնականում ծնողների): Նման շեղումը կոչվում է ընտրողական մուտիզմ: Սակայն նման երեխաները ոչ թե ամոթխած են, ինչպես կթվա առաջին հայացքից, այլ ուժեղ կամքի տեր, իշխող և համառ են:
Որպեսզի հաղթահարվեն նման խնդիրները` նախ և առաջ անհրաժեշտ է բացահայտել, թե ինչ է թաքնված ամոթխածության շղարշի տակ:
Իրական ամոթխածությունը կարելի է բնութագրել, որպես եսակենտրոն թերարժեքության բարդույթ: Պետք է իմանալ նաև, որ ամոթխած երեխաների մոտ մեծ է հաղորդակցվելու ձգտումը, սակայն նրանք չեն կարողանում շփում հաստատել, որից էլ տառապում են: Ամոթխած մարդը չի ձգտում լիդերության, դրա հետ մեկտեղ, չափազանց զգայուն լինելով, նա քննադատությունների հանդեպ խոցելի է, հեշտէ հուսահատության մեջ ընկնում: Մյուս կողմից էլ` կենտրոնացած է սեփական ապրումների վրա, և մյուսների հետ հաղորդակցման չի ձգտում:
Իսկ որն է ամոթխածության առաջացման պատճառը: Մարդու փխրուն, զգայուն հոգին, իհարկե բնությունն է կերտում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամոթխածությունը հիմնականում կախված է ծնողներից: Ամոթխած երեխաների ծնողները, հաճախ, իրենք էլ դժվարությամբ են կոնտակտի մեջ մտնում մարդկանց հետ, քիչ ընկերներ են ունենում, համեստ կյանք են վարում, իսկ երեխան միայն ընդօրինակում է ծնողների վարքը: