Երբ և ինչպես կազմակերպել երեխայի և մոր ժամանակավոր բաժանումը

Վաղ տարիքում (1-3 տ) երբեմն երեխաները բավական սուր և  ցավագին են արձագանքում մայրերից բաժանումը:

Մայրերի նույնիսկ կարճատև բացակայությունը երբեմն վտանգավոր է երեխայի առողջ հոգեբանության ձևավորման  համար: Մոր խնամքն ու հոգատարությունը երեխաների նկատմամբ կենսական անհրաժեշտություն է:

Սակայն մեր կյանքում գալիս է մի պահ, երբ մայրերը ստիպված են աշխատանքի գնալ: Այսօր երեխաների դաստիարակության և ժամանակավոր խնամքի կազմակերպումն իրականացնում են նաև նախակրթարաններն ու մանկապարտեզները: Սակայն կան ընտանիքներ, որոնք նախընտրում են երեխաների խնամքը լիովին սեփական ուսերի վրա կրել: Այդ պարագայում ծագում է խնդիր` ինչպե՞ս կազմակերպել մոր և բալիկի ժամանակավոր բաժանումը առանց խնդրահարույց իրավիճակների:  Զիգմունդ Ֆրեյդն առաջ էր քաշում այն տեսակետը, որ երեխայի մեջ մորից բաժանվելու կարողությունը ձևավորվում է  միայն կյանքի որոշ փուլերից հետո:  Ֆրեյդի բազմաթիվ տեսակետներ և հետազոտություններ զարգացում են ապրել, և ըստ հոգեբանի` կա կյանքի մի շրջան, երբ երեխայի և մոր սերտ կապը, նույնիսկ մարմնական առումով, խիստ անհրաժեշտ են երեխայի առողջ զարգացման համար, բայց միայն կյանքի առաջին տարում: Այդ ժամանակաշրջանից հետո կապվածությունն արդեն  կարող է վտանգ պարունակել: «Մոր և երեխայի միջև կապը պետք է աստիճանաբար թուլացնել: Ըստ հոգեբանների `  մորից բաժանումը պետք է իրականացվի մինչև երեխայի 5-6 տարեկան հասակը:  Այդ տարիքի երեխաներն արդեն պետք է ի վիճակի լինեն ապրելու մորից զատված, որպեսզի հետագայում չբախվեն հոգեբանական շեղումների, ինքնագնահատականի իջեցման և ինքնուրույն կյանք վարելու հետ կապված խնդիրների: Ինչպես պորտալարն է կտրվում, երբ երեխան ծնվում է, այնպես էլ պետք է հոգեբանական պորտալարը կամաց-կամաց կտրել, որպեսզի մայրն ու երեխան միմյանցից առանձին ապրելու հնարավորություն ունենան»: մոր և մանկան գրագետ և կարճաժամկետ բաժանումը նույնիսկ կարող է օգտակար  լինել  և չվնասել երեխայի հոգեբանությունը, սակայն այդ գործընթացն անհրաժեշտ է պլանավորել արդյունավետ՝ զերծ պահելով երեխային հնարավոր սթրեսային իրավիճակներից: «Օգտակարությունը հատկապես  այն է, որ երեխան ի վիճակի է դառնում որոշ ժամանակ անցկացնել  առանց մոր ներկայության, իսկ վնասակար է այն,  որ մայրն ու երեխան չեն կարողանում միմյանցից հեռու գտնվել: Կարճատև բաժանումները խիստ անհրաժեշտ են երեխայի հոգեկան նորմալ հասունացման համար: Երեխայի կենսակերպը պետք է  կազմակերպել այնպես, որ նա հնարավորինս հեշտությամբ կարողանա բաժանվել մորից: Սակայն այդ անցումը պետք է իրականացվի աստիճանաբար, որպեսզի երեխան ծանր հոգեբանական ցնցումներ չապրի: Ճիշտը բաժանման աստիճանականությունն ապահովելն է: Երեխան չպետք է մորից շատ ամուր կառչած լինի: Մինչ աշխատանքի գնալն ընտանիքում պետք է այնպիսի իրադրություն ստեղծել, որ երեխան կարողանա մորից զատված վիճակում էլ իրեն ապահով և երջանիկ զգալ: Երկարատև բաժանումը երեխայի կյանքի առաջին տարիներին ցանկալի չէ: Աշխատանքային  կայուն գրաֆիկ ունեցող ծնողները կարող են երեխայից բաժանումը կազմակերպել գոնե 4-5 տարեկանում: Երեխաները, անկախ սեռից, միշտ էլ կախվածություն են ունենում մայրերից: Ըստ ապացուցված տեսակետի` կա մի տարիք, երբ հակառակ սեռի ծնողի նկատմամբ ձևավորվում է շատ ուժեղ ձգողականություն: Այդ տարիքը համարվում է 3-6-ը, որը հոգեբանության մեջ ընկալվում է որպես էդիպյան շրջան: Մինչև 5-6 տարեկան հասակը երեխան արդեն պետք է հաղթահարած լինի այդ սաստիկ կապվածությունը, որպեսզի հոգեբանական անառողջ միաձուլումը փոքր-ինչ թուլանա: «Դա արտահայտվում է նաև երեխայի հետ նույն անկողնում քնելու սովորույթով, որը նույնպես անթույլատրելի է երեխայի 5 և բարձր տարիքից հետո: Բնականաբար, տղաները մայրերից շատ ավելի դժվար են բաժանվում: Հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ երեխային նախապատրաստել մորից կարճատև բաժանվելու ընթացքին: «Հաճախ երեխաներն այդ բաժանումն ընկալում են որպես լքվածություն, ուստի նրանց հետ անկեղծ զրուցելն ամենաարդյունավետ ճանապարհն է: Նրանց շատ  հաճախ թվում է, թե մայրերն իրենց պատժում և լքում են ոչ ճիշտ պահվածքի կամ չարություն անելու պատճառով: Այս գիտակցությունը նրանց մեջ կարող է մեղքի զգացում արթնացնել կամ նևրոզի պատճառ դառնալ: Այդ կարծիքը երեխաների մեջ պետք է կոտրել: Ծնողների երեխաների հետ բացատրական աշխատանքներ տանելն ու հակառակ տեսակետը համոզելը շատ կաևոր է: կարևոր է նաև երեխաների սոցիալական շփման դերը: Երեխայի սոցիալականացումը հոգեբանորեն կարող է ավելի առողջ ընթանալ, եթե շփվի իր հասակակիցների հետ: Իսկ մորից բաժանվելու դեմ ընդվզումները չպետք է անտեսել: Իհարկե, սկզբնական շրջանում երեխաների լացից հնարավոր չէ խուսափել, մայրը պետք  է ոչ թե անտեսի, այլ առավելագույն քնքշանք հաղորդի նրան: Եթե ընդվզման գործընթացը շարունակական բնույթ ունի, նշանակում է երեխան դեռ հոգեբանորեն պատրաստ չէ մորից ժամանակավորապես բաժանմանը: Երեխաների պահվածքը շատ անհատական է: Կան երեխաներ, որոնք շուտ են ընտելանում, կան նաև, որ բավական խոցելի են և անկայուն: Կտրուկ անջատումը երեխայից ամենամեծ սխալն է, իսկ  փոխհարաբերություններում առհասարակ մեծ սխալ է գերկապվածությունը: Ծնողը պետք է մինչ աշխատանքի գնալն արդեն կարողանա երեխային հաղորդել որոշակի ինքնուրույնություն` դարձնելով նրա կյանքը բազմազան և ընդլայնելով նրա շփումն իր հասակակիցների հետ: Սոցիալական շփման պարագայում երեխան այդքան էմոցիոնալ չի արձագանքի այդ բաժանմանը: Սխալներից մեկը երեխայի սոցիալականացումը սահմանափակելն է, երբ երեխան օրվա մեծագույն մասն անցկացնում է տանը` մոր հետ: