Այս երեք ծառայություններն էլ հոգեբանական օգնության ձևեր են, սակայն ամեն մեկն ունի իր ոլորտը: Այսօր, ըստ էության, մեր երկրում չկան շոշոփալի տարբերություններ հոգեթերապիայի և հոգեբան խորհրդատվության գործընթացների միջև, դրանց տարբերակման հիմքեր ավելի շատ պայմանական են և կախված են մասնագիտական մոտեցման առանձնահատկության և ժամանակային տևողության հետ: Այդ իսկ պատճառով, նպատակահարմար է դիտարկել հոգեբանական օգնություն իրականացնող այս երկու մասնագետների՝ հոգեբան խորհրդատուի և հոգեբույժի միջև տարբերությունները:
Հոգեբան խորհրդատուն (կամ հոգեթերապևտը) մասնագետ է, ով՝
- Ունի բարձրագույն հոգեբանական մասնագիտական կրթություն
- Տիրապետում է անձի հոգեկանին և հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասրմանը վերաբերվող գիտելիքների և կարողությունների
- Կարող է իրականացնել պրոֆեսիոնալ սոցիալ-հոգեբանաական օգնություն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ
- Աշխատում է հոգեբանական այն խնդիրների հետ, որոնք հիվանդություն չեն և չունեն ախտաբանական հիմքեր:
- Խորհրդատվության ընթացքում չի օգտագործում դեղեր այլ բժշկական միջամտություններ
Հոգեբույժը բժիշկ է, ով՝
- Ունի բարձրագույն բժշկական կրթություն
- Մասնագիտացած է հոգեկանի նյարդաֆիզիոլոգիական, բիոքիմիական և օրգանական հիմքերի և խնդիրների ոլորտում
- Գործ ունի հոգեախտաբանության (հոգեկան խանգարումների) հետ
- Իր հոգեթերապիայում կարող իրականացնել դեղորայքային բուժում և համապատասխան բժշկական միջամտություն:
Հոգեբույժի և հոգեթերապևտի միջև հիմնային տարբերությունը կայանում է նրանում, որ հոգեբանը գործ ունի բացառապես հոգեպես առողջ մարդու հետ, ով ունի որոշ հոգեբանական խնդիրներ (օրինակ, տարատեսակ վախեր, տագնապներ, սոցիալական և միջանձնային դժվարություններ, կորուստ, վիշտ, ընտանեկան կոնֆլիկտներ, քնի դժվարություններ և այլն), իսկ հոգեբույժը աշխատում է հոգեախտաբանության՝ այսինքն հոգեկան խանգարում, ախտահարում ունեցող մարդկանց հետ (շիզոֆրենիա, մանիակալ դեպրեսիվ փսիխոզ և այլն): Կարճ ասած, հոգեբան խորհրդատուն գործ ունի այնտեղ, որտեղ չկա ախտաբանություն և չկա հիվանդություն: