Երեխաների մոտ ագրեսիվության դրսևորման պատճառների բացահայտումը և իմացությունը մեծամասամբ կարող են նպաստել
հասկանալու վարքի առանձնահատկությունները և ձեռնարկելու համապատասխան կանխարգելիչ ու շտկողական միջոցառումներ։ Ամենատարածված պատճառները կարելի է դասակարգել հետևյալ կերպ. ընտանեկան, անձնային, սոցիալ-կենսաբանական, իրավիճակային, խառնվածքային, ըստ բնավորության :
1. Ընտանեկան պատճառներ
1.1. Ծնողների կողմից երեխային չընդունելը (չսպասելը)
Հիմնային պատճառներից է: Ըստ վիճակագրության հաճախ ագրեսիվության նոպաներ են արտահայտվում անցանկալի երեխաների մոտ: Ծնողները կարող են չասել նրանց, որ չեն ցանկացել կամ չեն սպասել երեխա ունենալ, բայց մանուկները տեղեկանում են այդ մասին, քանի որ ինֆորմացիա են ստանում վարքի, անտարբերության, կոպիտ և բարձ տոնայնության միջոցով: Այդպիսի երեխաները փորձում են ամեն կերպ ապացուցել, որ գոյության իրավունք ունեն: Նրանք փորձում են նվաճել այդքան անհրաժեշտ ծնողական սերը և որպես կանոն, դա անում են բավականին ագրեսիվ կերպով:
1.2. Էմոցիոնալ կապերի քայքայում ընտանիքում
Երեխայի մոտ ագրեսիվության աստիճանի բարձրացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես ծնողների և երեխայի դրական էմոցիոնալ կապերի խախտումը, այնպես էլ ծնողների միջև լարվածությունը: Երբ ամուսինները անընդհատ վեճերի մեջ են, ընտանիքում ապրելը նմանվում է քնած հրաբխի վրա ապրելուն, որը ամեն պահ կարող է ժայթքել: Այդպիսի ընտանիքում ապրելը երեխայի համար իսկական փորձություն է դառնում, մանավանդ երբ ծնողները նրան որպես փաստարկ են օգտագործում իրենց վեճերում: Երբեմն երեխան փորձում է հաշտեցնել ծնողներին, բայց հայտնվում է կրակի կենտրոնում:
Ի վերջո, երեխան կամ ապրում է անընդհատ լարվածության մեջ՝ տառապելով անկայունությունից և իր ամենամոտ երկու մարդկանց միջև կոնֆլիկտից, կամ իրավիճակը իր օգտին օգտագործելու փորձ է ձեռք բերում՝ սովորելով մոնիպուլյացիայի ենթարկել մարդկանց, և իր կամքից անկախ յուրաքանչյուր իրավիճակում ագրեսիա է դրսևորում:
1.3. Անհարգալից վերաբերմունք երեխայի անձին
Ագրեսիվ ռեակցիաները կարող են պայմանավորված լինել ոչ տեղին ու հաշվենկատ չափանիշով, վիրավորող կամ նվաստացնող դիտողություններով ու ընդհանրապես, այն ամենով, ինչը կարող է դաժանություն և ցասում առաջացնել մարդու, առավել ևս՝ երեխայի մոտ: Երեխայի անձի հրապարակային չարաշահումը, անհարգալից վերաբերմունքը նրա մոտ առաջացնում են խորը և լուրջ բարդույթներ և անվստահություն սեփական ուժերի նկատմամբ:
1.4. Չափազանց վերահսկողություն կամ դրա բացակայություն
Երեխայի վարքի խիստ վերահսկողությունը և ինքն իր հանդեպ խստությունը ոչ պակաս վնաս են, քան դրանց բացակայությունը: Ճնշված ցասումը ինչ-որ պահ անպայման դուրս է մղվում, և ինչքան երկար է տևում կուտակումը, այնքան ուժգին է ագրեսիայի դրսևորումը:
Ճնշված ագրեսիայի պատճառներից մեկը մոր կամ հոր խիստ բնավորությունն է: Չափազանց իշխող ծնողները փորձում են ամեն կերպ վերահսկել երեխային՝ ճնշելով նրա կամքը, հնարավորություն չտալով արտահայտելու սեփական նախաձեռնությունն և ինքնությունը: Նրանք երեխայի մոտ սիրո փոխարեն վախ են սերմանում: Առավել վտանգավոր է, երբ որպես պատիժ կիրառվում է բարոյական մեկուսացումն ու ծնողական սիրուց զրկումը: Այդպիսի դաստիարակության արդյունքը դառնում է ագրեսիվության արտահայտումը շրջակա միջավայրի նկատմամբ, ինչը քողարկված բողոք է ստեղծված իրականության դեմ, հնազանդման իրավիճակի անընդունելիություն, արգելքների նկատմամբ անհամաձայնության արտահայտում: Երեխան փորձում է պաշտպանել իրեն, իր “Ես”-ը և որպես պաշտպանական մեխանիզմ ընտրում է հարձակումը: Նա նայում է աշխարհին զգուշավորությամբ և պաշտպանվում է նույնիսկ սպառնացող վտանգի բացակայության դեպքում:
1.5. Ծնողների կողմից ուշադրության ավելցուկ կամ պակաս
Երբ ընտանիքում երեխային չափազանց շատ ուշադրություն է հատկացվում, նա դառնում է երեսառած և հարմարվում է իր բոլոր կամակորությունների բավարարմանը: Ծնողները սովորեցնում են երեխային այն մտքին, որ բոլորը պետք է ծառայեն իրեն: Եթե չի կատարվում հերթական կամակորությունը, երեխան պատասխանում է ագրեսիայի պոռթկումով:
Միշտ զբաղված ծնողների երեխաների ագրեսիան միջոց է գրավել ուշադրության յուրաքանչյուր՝ թեկուզ և նեգատիվ արտահայտում: Նրանք գործում են “ավելի լավ է պատժեն, քան չնկատեն” սկզբունքով:
Մեծերի աշխարհընկալումը խիստ տարբերվում է երեխաների հայացքներից: Այն, ինչը մեզ համար մանրուք է, երեխային կարող է ողբերգություն թվալ: Հաճախ պատահում է, որ մենք ուշադրություն չենք դարձնում երեխաների ապրումներին, իրական հոգեկան ցավին, բայց մեծ նշանակություն ենք տալիս այնպիսի բաների, որոնք նրանց համար մանրուքներ են թվում: Արդյունքում երեխայի մոտ կարող է տպավորություն կամ նույնիսկ համոզմունք ստեղծվել, որ մեծերը անընդունակ են հասկանալ, հետևաբար և օգնել իրեն: Երեխայի շուրջ ձևավորվում է միայնության ու անելանելիության մթնոլորտ, նա իրեն վախեցած, անպաշտպան և անօգնական է զգում: Որպես արդյունք ձևավորվում են ոչ ադեկվատ ու ագրեսիվ ռեակցիաներ:
1.6. Ֆիզիկական ակտիվության արգելք
Հաճախ մանկան ագրեսիվ վարքի արտահայտումները անմիջականորեն պայմանավորված են մեծերի կողմից դրված արգելքներով: Եթե երեխան օրվա ընթացքում հնարավորություն չի ունեցել արտահայտել իր՝ ինչպես դրական, այնպես ել բացասական էմոցիաները, չի կարողացել ֆիզիկապես լիցքաթափվել, ապա դրա հետևանքները շուտով զգացնել կտան իրենց: Նրա ագրեսիան պայմանավորված կլինի կուտակված էներգիայի ավելցուկով, որը, ինչպես հայտնի է, անհետ չի կորում: Այդ պատճառով, մանավանդ ակտիվ երեխաներին, անհրաժեշտ է հաճախել մանկապարտեզ, որտեղ նրանք հնարավորություն կունենան վազվզել ու խաղալ՝ առանց վախենալու էմոցիաները արտահայտելուց: Այդպիսով երեխան տանը ավելի հանգիստ ու խաղաղ կլինի:
1.7. Անձնական ազատության իրավունքի մերժում
Սկսած այն պահից, երբ երեխան սկսում է գիտակցել իր “Ես”-ը, նա սկսում է բաժանել աշխարհը “իր” և “ուրիշների” միջև, համապատասխանաբար և շրջապատող իրերը դասվում են այդ սկզբունքով: Այդ պահից սկսած պահանջվում է, որ նա ունենա իր տեղը և վստահ լինի այն ամենի անձեռնամխելիության մեջ, ինչն իրեն է պատկանում: Եթե ծնողները հնարավորություն ունեն, պետք է առանձին սենյակ հատկացնեն երեխային կամ նրա համար առանձին անկյուն ստեղծեն: Կարևոր է, որ ծնողը երբեք առանց հարցնելու չվերցնի երեխայի իրերը, քանի որ անձնական սահմանները խախտելու արդյունքում, ամենայն հավանականությամբ, կարող է բուռն ռեակցիա առաջանալ: Որոշ ծնողներ սխալմամբ ենթադրում են, որ մանուկները իրենցից չեն կարող գաղտնիքներ ունենալ՝ մոռանալով, որ իրենց էլ դուր չէր գա նմանատիպ միջամտությունը: Երեխային անհրաժեշտ է ազատություն, որպեսզի նա սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել ու պատասխանատու լինել դրանց համար: Ինչպես նաև անհրաժեշտ են որոշակի բարոյական նորմեր ու սահմաններ, որպեսզի նա կարողանա կառուցել իր ներքին էթիկայի կոդեքսը:
2. Ագրեսիվության անձնային պատճառներ
2.1. Վտանգի անգիտակցորեն սպասում
Հաճախ հոգեբանների օգնության են դիմում ոչնչով չմոտիվացված ագրեսիայի դրսևորումներով երեխաների ծնողները: Անհատական զրույցի ընթացքում պարզվում են բոլոր դեպքերի համար ընդհանուր փաստեր: Հաճախ երեխայի մայրը հղիության ընթացքում չի զգացել բավարար պաշտպանվածություն, չափազանց անհանգստացել է իր և ապագա երեխայի համար: Բոլոր այդ զգացողությունները փոխանցվել են մանուկին և նա ծնվել է առանց աշխարհի նկատմամբ բազային վստահության: Այդ պատճառով նա անգիտակցորեն սպասում է հարձակման, ամեն ինչի մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում և փորձում է պաշտպանվել դրանից ինչպես կարողանում է: Այդպիսի երեխան կարող է ագրեսիայով պատասխանել նույնիսկ հարազատի կողմից անսպասելի կոնտակտին:
Բարձր ագրեսիվությունը կարող է օգնության ճիչ լինել, որի հիմքում երեխայի դժբախտությունն է ու անելանելիությունը: Երբեմն վարքը թելադրված է լինում վախով. երբ երեխան վախեցած է, նա դադարում է հասկանալ, թե ով է իրեն բարեկամ ու ով՝ թշնամի:
2.2. Անվտանգության վերաբերյալ անվստահություն
Երբ ծնողները զբաղված են լինում իրենցով կամ հարաբերություններ պարզելով, իսկ երեխան անուշադրության է մատնվում, նրա մոտ կարող է զարգանալ սեփական անվտանգության վերաբերյալ անվստահություն: Նա սկսում է վտանգ տեսնել այնտեղ, որտեղ այն չկա, դառնում է չվստահող ու կասկածամիտ: Ընտանիքը և տունը չեն տալիս նրան բավարար մակարդակի պաշտպանություն ու կայունության երաշխիք: Արդյունքը լինում է ագրեսիայի տեղին ու անտեղին արտահայտումը, ինչը պայմանավորված է լինում թե անինքնավստահությամբ, թե վախի զգացումով և կոնֆլիկտի սպասումով: Երեխան հոգեբանորեն սեղմվում է գնդիկի պես ու վախից արգելակվում է՝ սպասելով “հարվածի”: Նա միշտ ենթագիտակցորեն տրամադրված է լինում վատին: Այս իրավիճակում կարևորը երեխային համոզելն է, որ ոչինչ չի սպառնում իրեն, ոչ ոք չի պատրաստվում հարձակվել և նա կարող է լիցքաթափվել:
2.3. Էմոցիոնալ անկայունություն
2-6 տարեկան երեխաների ագրեսիվության սկզբնաղբյուր կարող է լինել էմոցիոնալ անկայունությունը: Մինչև յոթ տարեկան դառնալը շատ երեխաներ հակված են տրամադրության տատանումների, ինչը մեծերը հաճախ կամակորություն են անվանում: Մանկան տրամադրությունը կարող է փոխվել հոգնածության կամ վատ ինքնազգացողության պատճառով: Երբ գրգռվածության կամ նեգատիվ էմոցիաների արտահայտումը երեխաների կողմից անհասանելի են համարվում և ամեն կերպ ճնշվում են ընտանիքում ընդունված դաստիարակության մեթոդներով, ծնողները կարող են հանդիպել ըստ իրենց չմոտիվացված ցասումի դրսևորման։ Այդ պարագայում երեխան իր ագրեսիվությունը արտահայտում է ոչ թե նեղացնողի հանդեպ, այլ այն ամենի հանդեպ, ինչը ձեռքի տակ կընկնի։ Ինչքան խիստ դրված կլինեն կանոնները, այնքան ագրեսիվ կարող է լինել երեխայի պահվածքը տնից դուրս (կամ տանը՝ մեծերի բացակայության ժամանակ)
2.4. Իրենից դժգոհությունը
Երեխաի ագրեսիվության ևս մեկ պատճառ։ Հաճախ այն պամանավորված է լինում ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ ծնողների կողմից էմոցիոնալ գովասանքի բացակայությամբ, ինչը բերում է նրան, որ երեխաները չեն սովորում իրենք իրենց սիրել։ Երեխայի համար կենսսականորեն կարևոր է, որ իրեն սիրեն ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի իր գոյության փաստի համար՝ չմոտիվացված: Ամենադաժան պատիժը երեխային այնքան անուղղելի վնաս չի հասցնում, ինչքան սիրելու և գովելու բացակայությունը: Այդ պատճառով նրա կողմից կյանքի հանդեպ ագրեսիան միանգամայն տրամաբանական է:
2.5. Բարձր գրգռվողականություն
Այնպիսի անձնային առանձնահատկությունները, ինչպիսիք են գրգռվողականությունը, նեղանալու կայուն տենդենցիան ուրիշների` նույնիսկ նեյտրալ թվացող արտահայտություններից ու գործողություններից, նույնպես կարող են ագրեսիայի դրսևորման դրդապատճառներ հանդիսանալ:
Նեղացկոտ ու գրգռվող երեխան կարող է քաշել աթոռը ուրիշ երեխայի տակից, ով պատահաբար զբաղեցրել է այն տեղը, որտեղ նա ուզում էր նստել: Պասիվ ագրեսիվության արտահայտում կարելլի է համարել երեխայի հրաժարվելը հաց ուտելուց, եթե սեղանի շուրջ նստելու ընթացքում նրա տեղը զբաղեցրել են: Եթե երեխաների խմբի ընդհանուր իրարանցման ու հրմշտման ընթացքում ինչ որ մեկը հրի այդպիսի երեխային, ապա ի պատասխան կարող է ստանալ ուժգին հարված: Նմանատիպ անձնային խառնվածքով երեխաները հակված են տեսնել իրենց վնաս պատճառելու միտումնավորություն, իսկ բոլոր նեգատիվ արարքներում, այդ թվում իրենց արարքներում, մեղադրում են բոլորին, ամեն ինչին, բայց ոչ իրենց:
2.6. Մեղքի զգացում
Բարձր ագրեսիվություն կարող են դրսևորել երեխաները, ովքեր զգում ու գիտակցում են խղճի զգացում: Նրանք մեղքի ու ամոթի զգացում ունեն նրանց հանդեպ, ում նկատմամբ լավ չեն վարվել կամ վնաս են պատճառել: Քանի որ այս զգացմունքները բավականին տհաճ են և ուրախություն չեն պատճառում, դրանք հաճախ ուղղվում են նրանց, ում հանդեպ առաջանում են: Զարմանալի չէ, որ երեխան ագրեսիա է զգում նրանց հանդեպ, ում նեղացրել է: Մեղավորության կոմպլեքսը նրան վախի և ագրեսիայի մեջ է գցում: Որպեսզի երեխան սովորի հաղթահարել այդ իրավիճակները և պատասխանատվություն վերցնի իր վրա, պետք է աջակցել նրան ու ժամանակ տրամադրել և ամենակարևորը, նա պետք է տեսնի մեծերի օրինակը:
3. Սիտուատիվ (իրավիճակային) պատճառներ
3.1. Վատ ինքնազգացողություն, ձանձրույթ (հոգնածություն)
Շատ հաճախ ագրեսիվ ռեակցիան պայմանավորված է լինում ընթացիկ իրադրությամբ կամ դրա նախադրյալներով: Եթե երեխան նորմալ քնել է, լավ է իրեն զգում, հագել է իր սիրելի շորերը, հաճելի նախաճաշել է, ապա նա կարող է բավականին հանգիստ արձագանքել սադրիչ իրավիճակին: Իսկ հաջորդ օրը կարող է ագրեսիվ վարք դրսևորել, ինչը պայմանավորված կլինի անքնությամբ, վատ ինքնազգացողությամբ, ինչ որ մեկից կամ ինչ-որ բանից նեղանալով: Առանձնապես զգայուն ու տպավորիչ երեխաները որպես հետևանք կարող են ագրեսիվ ռեակցիա ցուցաբերել ինչպես ընդհանուր, այնպես էլ նյարդային ու էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում: Հարկ է նշել նաև երեխայի ինքնազգացողության ու ագրեսիվության վրա սննդի ազդեցության մասին:
3.2. Աղմուկի, վիբրացիայի, նեղվածքի, օդի ջերմաստիճանի ազդեցություն
Եթե երեխան չհիմնավորված բարձր ագրեսիվություն է դրսևորում, ապա հարկ է ուշադրություն դարձնել վերոնշյալ գործոնների առկայության վրա: Հայտնի է, որ կոնֆլիկտների մեծամասնությունը տեղի են ունենում շոգի պայմաններում. այն սթրեսի ու գրգռվածության պատճառ կարող է հանդիսանալ երեխայի օրգանիզմի համար: Նեղվածքը ևս, ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների վրա բացասաբար է ազդում և անձնային սահմանների կոպիտ խախտումը առաջ է բերում ագրեսիա․ կարևոր է փոքրիկի համար տարածություն առանձնացնելը:
Աղմուկի մակարդակի և ագրեսիվության միջև կապը ակնհայտ է: Համաձայն կատարված հետազոտությունների՝ բացի տան աղմուկից, երեխայի ագրեսիվության բարձրացման վրա ազդում են բանուկ ավտոճանապարհների, մետրոյի կամ երկաթգծերի մոտակայքում գտնվող տանը բնակվելը:
4. Սոցիալ-կենսաբանական պատճառներ
Բնական է, որ տղաները ավելի հաճախ են ագրեսիվություն դրսևորում, քան աղջիկները: Համաձայն մեր հասարակությունում ընդունված կարծրատիպերի՝ տղամարդը պետք է կոպիտ և ագրեսիվ լինի: Ոչ ագրեսիվ երեխաները դպրոցում արդեն որպես բացառություն են դիտվում: Ծնողները հարկադրված են լինում երեխային տրամադրել պատասխան հարված տալուն, քանի որ այլ կերպ դժվար կլինի մերվել տղաների հանրության մեջ, որտեղ ինքնապաշտպանության կարողությունը ամենաարտահայտիչ արժեքներից մեկն է: Իրենց շրջապատում ընդունված լինելու համար տղաները հաճախ ստիպված են ագրեսիա ցուցաբերել (վերջին տասնամյակում նույն տենդենցը աղջիկների միջավայրում էլ է դիտվում):
Բարձր ագրեսիվությունը կարող է պայմանավորված լինել նաև կենսաբանական, սոցիալական պատճառներով: Հաճախ երեխաների ագրեսիվ ռեակցիան պայմանավորված է լինում իրենց համար հեղինակավոր մեծերի պաշարմունքների, արժեհամակարգի դրսևորմամբ։
Օրինակ, այն ընտանիքներում, որտեղ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը կախված է հիերարխիկ աստիճանակարգից, երեխաները ունակ են զսպվել, երբ դասատուն նախատում է իրենց, բայց նաև կարող են կոպտել հավաքարարին կամ պահակին: Ընտանեկան բարեկեցությունը ինքնին դրական երևույթ է, բայց եթե տան անդամները ամեն ինչ չափում են փողի քանակությամբ, երեխան սկսում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քիչ են վաստակում:
Երեխաներին, հատկապես դեռահասներին, հատուկ է բաժանել բոլոր մարդկանց “մերոնց” և “օտարների”, ինչը հանգեցնում է “օտարների” նկատմամբ ագրեսիայի դրսևորման, հակամարտության և հետագայում վերաճում է ավելի մեծ մասշտաբների անհանդուրժողականության:
Նախադպրոցական տարիքում ագրեսիայի այս կամ այլ ձևերը հատուկ են երեխաների մեծամասնությանը: Այդ ժամանակաշրջանում դեռ ուշ չէ խուսափել, որպեսզի ագրեսիվությունը չտրանսֆորմացվի (չվերածվի) բնավորության կայուն գծերի: Նպաստավոր պահը բաց թողնելու հետևանքով երեխայի հետագա զարգացման մեջ կարող են պրոբլեմներ առաջանալ, որոնք կխանգարեն նրան լիարժեք անհատականություն դառնալու, արտահայտելու ինդիվիդուալ պոտենցիալը: Երեխաները ագրեսիվության կորեկցիայի կարիք ունեն, քանի որ այն աղճատում է նրանց իրականության պատկերացումը, ստիպում է շրջակա աշխարհում տեսնել միայն թշնամանք ու արհամարհանք իրենց նկատմամբ: