Սթրես

Յուրաքանչյուր մարդ ապրել է այդ, բոլորը խոսում են դրա մասին, բայց գրեթե ոչ մեկն իրեն նեղություն չի տալիս պարզելու, թե ինչ բան է սթրեսը:

Շատ բառեր դառնում են մոդայիկ, երբ գիտական հետազոտության հետևանքով առաջանում է նոր հասկացություն, որն ազդում է մեր վարքագծի կամ կարևորագույն կենսական հարցերում մտածելակերպի վրա: Մեր օրերում շատ են խոսում սթրեսի մասին` կապված վարչական կամ դիսպետչերական աշխատանքի, շրջակա միջավայրի կեղտոտման, կենսաթոշակի անցնելու, ֆիզիկական լարվածության, ընտանեկան խնդիրների կամ հարազատի մահվան հետ: Սթրեսը միայն ներվային լարումը չէ, թեև ներվային լարումը նույնպես սթրես է: Շատ ոչ մասնագետներ և նույնիսկ առանձին գիտնականներ հակված են կենսաբանական սթրեսը նույնացնելու ներվային ծանրաբեռնվածության կամ ուժեղ էմոցիոնալ գրգռման հետ: Կարևոր չէ սթրեսորի հաճելի կամ տհաճ լինելը: Նրա սթրեսորային էֆեկտը կախված է միայն օրգանիզմի հարմարվելու ունակությանն առաջադրվող պահանջների ինտենսիվությունից: Որևէ նորմալ գործողություն` շախմատ խաղալը կամ նույնիսկ կրքոտ գրկախառնությունը, կարող է առաջ բերել սթրես, առանց մի վնաս պատճառելու:

<<Սթրես>> բառը մտել է անգլերեն լեզվի մեջ հին ֆրանսերենից և միջնադարյան անգլերենից ու սկզբում արտասանվել է որպես << դիսթրես>>: Առաջին վանկը, <<սղվելու>> կամ << կուլ տալու>> պատճառով աստիճանաբար անհետացել է:

Սթրեսը օրգանիզմի և նրա հոգեկանի լարվածությունն է, որն առաջանում է ներքին և արտաքին գործոնների` սթրեսորների ազդեցության տակ: Սթրեսորները լինում են և տհաճ՝ տառապանք պատճառող, և հաճելի: Տհաճ սթրեսոր է, օրինակ՝ բարձր ջերմաստիճանը, որը մարդուց եռանդ է խլում և թույլ չի տալիս նորմալ ու արդյունավետ գործունեություն կատարել: Հաճելի սթրեսներ մենք ապրում ենք այն ժամանակ, երբ, օրինակ լավ աշխատանք ենք գտնում, տեղափոխվում ենք նոր բնակարան, ձեռք ենք բերում այնպիսի առարկաներ, որոնք մեզ համար շատ ցանկալի են և այլն: Դրանք, անկասկած, հաճելի իրադրություններ են, բայց գումարվելով, կարող են հանգեցնել օրգանիզմի ֆիզիլոգիական և հոգեբանական գերլարվածության: Սթրեսն ունի ֆիզիոլոգիական և հոգեբանական կողմեր: Որևէ սթրեսոր, ազդելով անձի վրա, պահանջում է, որպեսզի նա հարմարվի ստեղծված նոր իրադրությանը: Ինչպես նշում էր սթրեսի տեսության հիմնադիր Հանս Սելյեն, որոշ սթրեսորներ օրգանիզմից պահանջում են արթուն և զգոն լինել և որոշակի գործողություններ ձեռնարկել: Սակայն եթե սթրեսորը շատ ուժեղ է, ապա կարող է գերազանցել մեր հարմարվողական հնարավորությունները` ազդելով մեր ընդհանուր հուզական վիճակի ու տրամադրության վրա:

Հ. Սելյեն տարբերում էր սթրեսի երկու տեսակ: Տհաճ սթրեսների առաջ բերած սթրեսը նա անվանում էր դիսթրես (այսինքն`տհաճ սթրես), իսկ հաճելի ապրումներով ուղեկցվող սթրեսը` էվսթրես (հուն. Էվ.՝ լավ, հաճելի): Տվյալներ կան այն մասին, որ դիսթրեսները, կուտակվելով, հանգեցնում են մարմնային և հոգեկան առողջության թուլացման, հիվանդությունների: Դրանցից են, սրտի հիվանդությունները, քաղցկեղը, գիրությունը, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց դեպքում` ախտադարձությունը և այլն: Ինչ վերաբերվում է էվսթրեսին, ապա դրանք ևս լարվածություն են ստեղծում:

Սթրեսորը պետք է դիտել որպես անհատի օրգանիզմին և հոգեկանին ներկայացվող պահանջ: Այն պետք է ընկալվի և գնահատվի անհատի կողմից: Սուբյեկտիվ գնահատականն ընկած է օբյեկտիվ սթրեսորի և նրան տրվող պատասխանի միջև: Այն դեպքում երբ սթրեսորի ազդեցության տակ անձն ընկճվում և մտածում է, որ չի կարող հաղթահարել իրադրության դժվարությունները, ասում են, որ նա դիսթրես, այսինքն` տհաճ հոգեֆիզիոլոգիական լարվածություն է ապրում: Բայց լինում են, այնպիսի սթրեսորներ, որոնք անձին բոլորովին էլ սպառնալից չեն թվում, ընդհակառակը, նա ոգեշնչվում է, որ իրեն մարտահրավեր են նետել, իր մեջ ուժերի վերելք է զգում և գործի է անցնում` ստեղծված իրադրության վրա հսկողություն սահմանելու, այն հաղթահարելու նպատակով: Նման դեպքերում ասում են, որ նա ապրում է էվսթրես` դրական, հաճելի լարվածության վիճակ: Երրորդ տեսակը մշտական կամ քրոնիկական սթրեսն է, այն հոգեֆիզիոլոգիական լարվածությունը, որը շատ երկար է տևում և չի հաղթահարվում: Գոյություն ունի անհատի վրա ազդող սթրեսների գնհատման երկու մակարդակ կամ փուլ: Առաջնային գնահատականն այն է, երբ սթրեսորի ազդեցությունից անմիջապես հետո անհատը գնահատում է նրա բնույթն ու աստիճանը, փորձելով պարզել, թե ինչ է ազդում իր վրա, որքանով է այդ ազդեցությունը վնասակար կամ օգտակար և այլն: Նա ընդհանուր առմամբ այս փուլում որոշում է նաև, թե պետք է, արդյոք, որոշակի գործողություններ կատարել, թե ոչ: Եթե եզրակացնում է, որ, այո, պետք է կատարել, ապա վրա է հասնում երկրորդային գնահատման փուլը, որտեղ նա փորձում է պարզել, թե ինչ ներքին ու արտաքին հնարավորություններ ունի սթրեսային իրադրության հաղթահարման համար և ինչ գործողություններ պետք է ձեռնարկել: Սթրեսորներին տրվող անհատական գնահատականը կախված է անձի տիպից: Նա, ով լուրջ նշանակություն չի տալիս դժվարություններին, հեշտությամբ է տանում սթրեսները և չի հիվանդանում: Օգնում են նաև սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, հարազատների և ընկերների ներդրումներն ու խորհուրդները: Սթրեսներին տրվող գնահատականները կախված են անձի արժեքներից, նպատակներից, սոցիալական կապերից, սեփական ուժերի նկատմամբ վստահության աստիճանից և այլ գործոններից: Ըստ հարմարվողական ընդունակությունների և պահեստային ուժերի մարդիկ տարբեր են: Օրինակ, ուսանողներին հայտնի է, որ քննությունից կտրվելը, որն, անշուշտ, ուժեղ սթրեսոր է և ֆրուստրատոր, ոմանք ընկալում են բավականին հանգիստ, մինչդեռ ուրիշներն այնպիսի խոր հուսահատության ու ճնշվածության են մատնվում, որ նույնիսկ մտածում են կյանքի անիմաստության մասին: Եղել են նման անհաջողությունից հետո ձեռնարկված ինքնասպանության դեպքեր:

Սթրեսներին տրվող հոգեբանական պատասխանները բարդ են և կազմված երեք հիմնական բաղադրիչներից` իմացական, հուզական և վարքային:

1.Իմացական բաղադրիչներ. Սթրեսորի հայտնվելուց հետո և նրա ազդեցության տակ անձի հոգեկանում սկսվում են իմացական գործընթացները: Առաջնային գնահատականը սթրեսի և անձի ադապտացիայի պրոցեսի առաջին քայլն է: Անհատը գնահատում է իրադրությունը և որոշում, թե արդյոք այն սթրեսային է, թե դրական կամ չեզոք, որին որևէ կերպ պատասխանելու կարիք չկա: Անձը որոշակի ձևով ըմբռնում, հասկանում է իրադրությունը և իր համար նրա հնարավոր հետևանքները: Մեծ չափով դրանից է կախված, թե ինչպիսին կլինի նրա վարքը, գործողությունների ինչ ստրատեգիա նա կընտրի; Նույն իրադրությունը մեկի համար սթրեսային է, մյուսի համար `ոչ: Դա կախված է նրա փորձից, հարմարվողական ուժերի պաշարից և այլն: Օրինակ, եթե ուսանողների մի խմբի հայտարարում են, որ վաղը քննություն ունեն, ապա ոմանց համար դա կլինի ուժեղ բացասական սթրես, քանի որ նրանք պատրաստ չեն և վախենում են տապալվելուց, մի քանիսի համար` թույլ սթրես, բայց կլնինեն նաև այնպիսիները, ովքեր կարող են էվսթրես ապրել: Երկրորդային գնահատականը հաջորդ քայլն է: Այս փուլում անհատն ընտրում է հարմարվողական ստրատեգիա, որն, իր կարծիքով, ավելի արդյունավետ է: Օրինակ, անսպասելիորեն քննության մասին լսելուց հետո ոմանք կարող են հիվանդ ձևանալ այդ փորձությունից խուսափելու համար, մյուսները կարող են արագորեն կարդալ նյութը, կլինեն նաև այնպիսիները, ովքեր կմտածեն որ ինչ գնահատական էլ ստանան` էապես չէ իրենց համար և այլն:

2.Հուզական պատասխաններ: Սթրեսներին տրվող պատասխաններում հույզերը շատ մեծ տեղ են գրավում և այնքան էական են, որ մի շարք հետազոտողներ սթրեսային վիճակը բնութագրում են հիմնականում մարդու հույզերով: Որոշ հետազոտողներ սթրեսային են համարում այն ամենը, ինչ տհաճ է, զզվելի և ծայրահեղորեն պահանջկոտ: Վախ և տագնապ: Վախը սպառնալիքի զգացումն է` կախված որոշակի օբյեկտի կամ իրադարձության հետ: Տագնապը ընդհանրացված վախ է կամ սարսափ: Վախեցած մարդը գիտե, թե ինչից է վախենում և ինչ գործողություններ պետք է կատարի, մինչդեռ տագնապ ապրողի համար դրանք պարզ չեն: Երբեմն վախն ու տագնապը մարդուն համատեղ են տրված լինում, անձը վախենում է ինչ-որ կոնկրետ առարկայից, իսկ տագնապ զգում է նրա հնարավոր, բայց անորոշ հետևանքների հանդեպ: Այն, ինչ իրադրության մեջ որոշակի է, վախ է ծնում, իսկ ինչ անորոշ է` տագնապ: Այդպիսի բարդ վիճակ անձը կարող է ապրել, օրինակ, ամուսնանալու վճիռ կայացնելուց առաջ: Որոշակի դժվարություններից նա կարող է վախենալ , բայց կարող են լինել նաև խոր տագնապ հարուցող պատճառներ, օրինակ, կապված այն բանի հետ, թե որքանով ճիշտ է իր կատարած ընտրությունը և ինչ հետևանքներ կարող են ունենալ: Երբ վախն ու տագնապը միաձույլ են, ապա ասում են, որ մարդն անհանգիստ է: Վախի և տագնապի որոշ աստիճանը բնական և անխուսափելի է, քանի որ մարդը միշտ վտանգների և տհաճ դեպքերի է սպասում: Սակայն եթե դրանք մշտական են դառնում, ապա հանգեցնում են բացասական հետևանքների` 1.մշտական ինքնապաշտպանական հակվածության, որը թույլ չի տալիս ճիշտ ընկալել իրականությունը և արդյունավետ գործունեությու կատարել: Մարդու ընկալումները դառնում են նեղ, պաշտպանական: Անձի մտածողությունը դառնում է կոշտ, կորցնելով իր ստեղծագործական պոտենցյալի զգալի մասը:2. Մշտական տագնապն անձին հարատև ֆիզիոլոգիական ակտիվացման, բարձր պատրաստականության վիճակում է պահում: 3.մշտական տագնապը մարդուն զրկում է կյանքի հաճույքների մեծ մասից, քանի որ նա մշտապես մտահոգված է լինում գոյության տհաճ կողմերով: Մշտական տագնապ ունեցող մարդիկ տագնապում են նույնիսկ այնպիսի բաների առնչությամբ, որոնք երբեք չեն կարող կատարվել: Զայրույթ և թշնամություն: Երբ զայրույթ բերողգործոնը հայտնի է, ապա զայրույթը դառնում է նրա նկատմամբ թշնամանք, որն արդեն կայուն հուզական վերաբեչմունք է: Այս զգացմունքները մարդկանց միայն վնաս չեն պատճառում, այլև կարող են նպաստել օգտակար, կառուցողական գործունեության մեջ: Օրինակ, եթե երեխայի վարքը մեզ զայրացնում է, ապա նա, տեսնելով մեր հուզական վիճակի դրսևորումները, կարող է հասկանալ, որ սխալ է թույլ տվել, և ուղղել իր վարքը: Մեղավորություն: Մեղավորության կամ մեղքի զգացումը խիստ տառապալից է մարդու համար: Այդպիսի ապրումներ մարդիկ ունենում են այն դեպքում, երբ խախտում են իրենց իսկ ընդունած բարոյական սկզբունքները, կամ երբ այնպիսի քայլեր են կատարում, որ հենց իրենք սխալ են համարում: Իրեն մեղավոր համարող մարդն սկսում է ցածր գնահատել իր անձը, ձեռք բերել թերարժեքության զգացում, որը, զարգանալով ու խորանալով կարող է դառնալ թերարժեքության բարդույթ: Մեղավորության զգացման ուժը կախված է ոչ միայն անձի բարոյական զարգացման ընդհանուր մակարդակից, այլև այն բանից, թե որքանով լուրջ ենք համարում մեր վատ արարքը և արդյոք ի վիճակի ենք ուղղել այն: Մարդիկ իրենց մեղավոր են զգում ագրեսիվության, սեռական անընդունելի վարքի, հանցանքների և հանցագորցությունների համար: Շատերն իրենց մեղավոր են զգում, որովհետև վատ են վարվում զավակների, ծնողների և մյուս մերձավորների հետ: Երբ հիշատակված և այլ մարդկանց նկատմամբ որևէ մեկը վատ արարք է թույլ տալիս, հատկապես երբ նրանք հարազատ են ու շատ բարի գործեր են կատարել իր համար, ապա նա սկսում է մտածել, որ ինքը վատն է: Իսկ դա բարոյազրկող ու հյուծող միտք է սեփական անձի համար: Վիշտ, ճնշվածություն և մեղավորության զգացում: Մարդիկ վիշտ են ապրում ծանր կորուստ ունենալու դեպքում, հատկապես երբ կորցնում են մոտ հարազատի կամ շատ սիրած այլ մարդու: Ամենից խոր վիշտ մարդն ապրում է ծնողներին, զավակներին ու ամուսնուն կորցնելիս: Վիշտ ունեցող մարդիկ սուգ են պահում: Ճնշվածության դեպքում անձն իրեն մերժված ու տերարժեք է զգում: Նրա եռանդը պակասում է, տագնապներ է ունենում, հիասթափված է մարդկանցից և գործերից: Ճնշված մարդու բնական մղումները, այդ թվում նաև սեռական ցանկությունները, թուլանում են: Ճնշվածություն կարող է առաջանալ անհաջողությունների, անպատասխան սիրո, հարազատներին կորցնելու և այլ ֆրուստրացիաների հետևանքով: Մենակություն: Որոշ դեպքերում մարդիկ իրենք են գիտակցորեն ձգտում մեկուսանալ ժամանակավորապես մենակ մնալ` հանգստանալու կամ ինչ-որ գործեր ավարտի հասցնելու նպատակով: Այդպիսի մարդիկ հենց իրենք էլ դադարեցնում են իրենց մենակությունը, երբ անհրաժեշտ են համարում: Հույզերը կարող են դառնալ նաև վարքի տարբեր տեսակներ հարուցող ուժեր`դրդապատճառներ: Այնպիսի բացասական հույզեր, ինչպիսին են տագնապը, զայրույթն ու ճնշվածությունը, կարող են հանգեցնել ոչ հարմարվողական գործողությունների: Օրինակ, սթրեսի ազդեցության տակ ուժեղ տագնապ ապրող մարդը կարող է փախչել, հեռանալ իրադրությունից, մինչդեռ ավելի ճիշտ կլիներ մնալ և հաղթահարել իրադրության դժվարությունները: Զայրույթը սովորաբար հանգեցնում է ագրեսիվ գործողությունների, իսկ ճնշվածությունը` հեռանալու, փախուստի:

3.Վարքային պատասխաններ: Վարքային բաղադրիչները կախված են սթրեսորին անձի տված գնահատականից և սթրեսի ու ֆրուստացիայի ուժից ու խորությունից: Մեղմ սթրեսն ակտիվացնում է կենսաբանորեն նպատակահարմար վարքը, որոնցից են սնվելը, հարձակողական և սեռական գործողությունները և այլն: Մեղմ սթրես և ֆրուստացիա ապրող մարդու օրգանիզմ ավելի զգայուն է դառնում, նա կարողանում է կենտրոնացնել իր եռանդն ու բարելավել գործողությունների կատարման որակը: Թույլ սթրեսներ և ֆրուստացիաների կուտակումը ժամանակի ընթացքում կարող է լուրջ դեզադապտիվ հետևանքներ ունենալ: Դրանցից են գրգռվածությունը, ուշադրությունը կենտրոնացնելու անընդունակությունը, աշխատանքի արդյունավետության նվազումը, անհամբերությունը և այլն: Ոիժեղ սթրեսների և ֆրուստացիաների դեպքում մարդու վարքը ճնշվում և արգելակվում է, անհատը երբեմն նույնիսկ քարանում է: Ստերեոտիվ վարք: Դրանք կրկնվող գործողություններ են առանց ակնհայտ նպատակի: Դրանցից են, օրինակ, ճոճվելը, օրորվելը, մատները ծծելը, որոնք դիտվում են ինչպես մեկուսացման մեջ պահող կապիկների ձագերի, այնպես էլ երեխաների վարքում: Շատակերությունը նույնպես սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստացիաները: Ագրեսիան որպես սթրեսին տրվող պատասխան: Ագրեսիվ վարքը սթրեսին ու ֆրուստացիային տրվող սովորական պատասխաններից մեկն է:

Ի՞նչ է հարկավոր սթրեսի դեմ

Փորձենք նկատել կանքի դրական երևույթները՝ սկսած առօրայի սուրճ խմելուց և հարազատ մարդու կոքին լինելուց։ Նպատկատներ դնելուց մշակենք բոլոր այն միջոցները, որոնք կտանեն դեպի Ձեր նպատակները: Գնահատելով անցյալի փորձը , ճիշտ պլանավորել ներկան և ապագան։ Ընդունել մարդուն այնպես, ինչպես որ կա: Միշտ հիշեք, որ ծանր բնավորություն ունեցող մարդիկ, ովքեր անընդհատ գտնվում են վեճերի, նյարդային պոռթկումների մեջ, շատ հակված են հոգեբանական անհավասարակշիռ դրսևորման: Աշխատենք կյանքը փոխել դեպի լավը:

Ցանկացած իրավիճակ կարելի է փոխել, եթե ռացիոնալ միջոցներ գտնենք: Երբեմն մարդկանց անհանգստացնում է, թե ինչ կմտածեն ուրիշները իրենց մասին, դրանով թունավորելով իրենց կյանքը: Ոչ ոք չգիտի ձեր առավելությունների և թերությունների մասին ավելին, քան դուք ինքներդ: Ցանկալի է շփվել ձեզ համար հաճելի մարդկնաց հետ։